Տուգանքների մասին օրենքը խախտում է Հայաստանի վարորդների իրավունքները։ Այս մասին հոկտեմբերի 19-ին լրագրողներին հայտնել է «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։
Խոսքը Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 283-րդ հոդվածի մասին է, հստակեցրել է նա։ Այդ հոդվածի համաձայն՝ տուգանքի մասին ծանուցումը համարվում է ուղարկված, նույնիսկ եթե հասցեատերը բացակայում է իր մշտական բնակության վայրից։ Շատ վարորդների տուգանքների մասին ծանուցումներն ուղարկվել են այն հասցեներով, որտեղ վերջիններս այս պահին չեն բնակվում։ ԱԺ-ն պետք է շտկի իրավիճակը՝ օրենքում փոփոխություններ կատարելով։
Խոսելով փողոցներում կարգուկանոն հաստատելու մասին՝ Հովհաննիսյանը հայտնել է, որ Ճանապարհային ոստիկանությունը նոր տեսախցիկներ է տեղադրում փողոցներում եւ խաչմերուկներում, սակայն դրանով էլ սահմանափակվում է՝ կարծես թե մյուս բոլոր հարցերն արդեն լուծվել են: «Իսկ ինչո՞ւ ուշադրություն չի դարձվում վարորդի եւ հետիոտնի փոխհարաբերություններին: Չէ՞ որ հետիոտների մասնակցությամբ պատահարները չեն նվազել», – նշել է Հովհաննիսյանը:





























