Ռուսաստանի ընդդիմության համակարգող խորհուրդը (ԸՀԽ) դադարել է գոյություն ունենալ: ԸՀԽ-ի հոկտեմբերի 19-ի նիստը լիազորությունների ժամկետի ավարտի կապակցությամբ պետք է դառնար վերջինը, սակայն քվորումի բացակայության պատճառով այն չի կայացել:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ԸՀԽ-ի ընտրված 40 անդամներից ներկա էր միայն 9-ը: Եւս երկուսը պատրաստ էին մասնակցել աշխատանքների վիդեոկապի միջոցով:
Սերգեյ Դավիդասը, ով պետք է նախագահեր նիստը, առաջարկել է անցկացնել «ԸՀԽ-ի անդամների մասնավոր նիստ»: Ավելի ուշ Դանիդասը հայտարարել էր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, որ «ԸՀԽ-ի նոր կազմի ընտրությունների օրը դեռ նշանակված չէ»:
Նախկինում ԸՀԽ-ի նիստը չէր կայանում քվորումի բացակայության պատճառով: Մեկ ամիս առաջ Խորհրդի հանրահայտ մի քանի անդամներ հաղորդել էին, որ մտադիր չեն մասնակցել այդ մարմնի նոր ընտրություններին: Այդ մասին, մասնավորապես, հայտարարել է Ալեքսեյ Նավալնին, Պետդումայի պատգամավոր Դմիտրի Գուդկովը եւ նրա հայր, Պետդումայի նախկին պատգամավոր Գենադի Գուդկովը, լրագրող Սերգեյ Պարխոմենկոն, Մոսկվայում ընդդիմադիր ակցիաների կազմակերպիչ Պյոտր Ցարկովը:
ԸՀԽ-ն ընտրվել էր 2012թ.-ի հոկտեմբերի 21-ին մեկ տարի ժամկետով: Համացանցում իրականացված քվեարկությանը մասնակցել էր 82153 մարդ:





























