ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» օրակարգի կետի ներքո հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել բաց քննարկում, որին մասնակցեցին կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, անդամ պետությունների եւ տվյալ ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե քննարկումներին մասնակցել եւ ելույթով հանդես է եկել նաեւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, ով ողջունել է այդ օրն անվտանգության խորհրդի կողմից միաձայն ընդունված բանաձեւը, որը կոչ է անում ապահովել կանանց մասնակցությունը խաղաղաշինության գործընթացներում: Դեսպան Նազարյանը նշել է, որ կարեւորում է այս թեմայի շուրջ քննարկումը, քանի որ Հայաստանին պարտադրված պատերազմի ու ագրեսիայի արդյունքում երկիրը հյուրընկալել է մեծ թվով կին փախստականների: Դեսպանը հավելել է, որ կանանց ու աղջիկների վրա անհավասարաչափ է բաշխվում հակամարտության զրկանքներն ու հետեւանքները, այդ իսկ պատճառով նրանք երաշխավորված դերակատարում պետք է ունենան խաղաղությանը միտված բանակցություններում:

Քննարկման մասնակցող պատվիրակությունները կանանց առաջխաղացման համատեքստում անդրադարձ են կատարել նաեւ հակամարտություններից տուժած իրավիճակներում իրավունքի գերակայության եւ անցումային արդարադատությանն առնչվող հարցերին: