Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ամբողջական տեսանյութը տարածել է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Ավետիք եւ Արտակ Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը:

Նա նշեց, որ ինքը տեսել է այդ տեսանյութը, այն տրամարդրել է նախաքննական մարմինը: Իսկ թե ինչու ավելի վաղ չէին տարածում այն, Էմիլ Բուդաղյանն ասաց, որ հույս ունեին, որ քննությունը նորմալ կընթանա, եւ եթե ավելի վաղ տարածեին, պետք է հարց առաջանար՝ որտեղից են վերցրել տեսանյութը, քննություն իրականացնող մարմինը այն տրամադրել է վերջում:

Էմիլ Բուդաղյանի կարծիքով՝  լրատվամիջոցներում տարածված վերջին տեսանյութը ներկայացնում է Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի իրական պատկերը, այն ապացուցում է, որ վերեւից կրակոց է եղել, մինչդեռ քննիչներն ասում են, թե այդպիսի բան չի եղել:

«Միայն ինքն է եղել վերեւում՝ Լիսկան, մնացածները ներքեւ են եղել; Վերեւից ներքեւ որ գնդակը մտել է,Ավետիքի թոքերը ծակել, մտել է լյարդի մեջ, դա վերեւից կրակելու հետեւանք է: Տեսանյութը ապացուցում է, որ իրենք են ամեն ինչ նախապատրաստել, նախապատրաստված եղել են, իրենց հրավիրել են եւ ամեն ինչ էլ կատարել: է»,- ասաց Բուդաղյանների հայրը:

Իսկ թե ինչու են իրավապահները անտեսում այդ կրակոցը, նրա համար շատ պարզ է՝ «իրենք եկել են, իրենց կեղտերը մաքրել, գնացել»: «Տեսնենք վերջը ի՞նչ է դառնում, հետո որ մենք մեր հարցերը իմանանք՝ ում հետ ինչ ձեւի վարվենք»,-ասաց Էմիլ Բուդաղյանը:  Դատական ատյաններում հաջողության չհասնելուց հետո, նրա խոսքով,  կհասկանան, որ այս երկիրն այլեւս գոյություն չունի: Ի դեպ, Էմիլ Բուդաղյանն ասաց նաեւ, որ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված իր երկու նամակներից դեռ պատասխան չկա:

Հիշեցնենք, որ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների»  իրավական, լրատվական կայքը ներկայացրել է հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպը ներկայացնող նոր տեսանյութ՝ ձայնի առկայությամբ: