Մոլդովացի սկանդալային օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն նեղացել է ամբողջ աշխարհից։ Նա անգամ որոշել է չմասնակցել օմբուդսմենի ընտրություններին։
Մոլդովայի խորհրդարանական հանձնաժողովներում սկսվել է «Ժողովրդական փաստաբանի մասին» նոր օրենքի քննարկումը։ Երեք օմբուսմենների մանդատների ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերին, իսկ չորրորդինը՝ 2015թ. ամռանը։ Նոր օրենքը նախատեսում է թողնել ընդամենը մեկ օմբուդսմեն։
ԱՊԱ-ին Գրիգորիուն հայտնել է, որ ընտրություններին չմասնակցելու որոշումը պայմանավորված է նրանով, որ «իրեն ոչ ոք չի սատարել Երեւանում վերապրածից հետո»: Իր պահվածքի եւ եւ իրենից նույնիսկ գործընկերների երես թեքելու մեջ պատճառահետեւանքային ոչ մի կապ Գրիգորիուն չի տեսնում եւ ոչ մի հետեւություն անել չի ցանկանում:
Հիշեցնենք, որ Մոլդովայի մարդու իրավունքների պաշտպանը «աչքի էր ընկել» Երեւանի կոնֆերանսում: Նա հայտնել էր, որ «Հայաստանը զավթել է Ադրբեջանի տարածքի 20% -ը եւ կոտորել ադրբեջանցիներին»: Հայ պատգամավորների խիստ պատասխանից, ինչպես նաեւ սոցցանցերում իր հասցեին ոչ սիրալիր արտահայտություններից հետո՝ Գրիգորիուն հայտարարել էր, թե իր կյանքին վտանգ է սպառնում, Հայաստանում Վրաստանի եւ Ռումինիայի դեսպանատներից օգնություն էր խնդրել՝ Երեւանից իր անվտանգ մեկնումը ապահովելու համար, իսկ Մոլդովա ժամանելով հայտարարել էր, որ այնտեղ էլ իրեն ապահով չի զգում:





























