«ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը իմ տղայի կնունքի քավորն է, բայց նա երբեք չի հովանավորել մեզ»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը` Ճոյտը արձագանքելով խոսակցություններին, թե Առաքել Մովսիսյանն է իշխանական շրջանակներում իր համար որպես միջնորդ հանդիսանում:
Նա պատմեց, որ Շմայսը դեռ պատգամավոր չէր, երբ իր տղայի քավորն է դարձել: «Տղաս նրա հետ գնացել էր Լեհաստան մրցումների: Որդիս քիքբոքս էր պարապում: Այնտեղ 10 օրից ավելի մնացին, իսկ երբ վերադարձան Հայաստան, տղաս ասաց պապ մի խնդրանք ունեմ կլինի, որ Շմայսը լինի իմ քավորը, ասացի՝ եթե դու որոշել ես, իհարկե, կլինի»,- մանրամասնեց Հակոբ Հակոբյանը: Միաժամանակ նշեց, որ ինքը ինչ-որ բան չի անում, որ իրեն հովանավորի: «Հայաստան ապրանք չենք բերում, որեւիցե բան չենք անում: Ի՞նչ պետք է անօրինական անեմ, որ ինքը ինձ հովանավորի: Իսկ օրինակ ինձ հովանավորում է Հանրապետության նախագահը: Հանրապետության նախագահից ավելի ուժեղ հովանավոր, ինձ թվում է, չկա»,- ավելացրեց Հակոբ Հակոբյանը:




























