«Ոստիկանները ցուցանակ ցույց տվեցին, որի վրա գրված էր` միայն ծառայողական մեքենաների համար, ու առանց հարցերիս պատասխանելու, մեքենաս ու պաստառները առևանգեցին, ինձ էլ տարան ոստիկանություն»: Այս մասին NEWS.am-ին պատմեց արդեն երկու ամսից ավելի քաղաքապետարանի մոտ նստացույց անող Վահագն Մինասյանը:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 15։00-ի սահմաններում, անձրևից պաշտպանվելու համար Վահագնը մեքենան կայանել է քաղաքապետարանի մոտ: Րոպեներ անց նրան մոտեցել է մի քանի ոստիկան և պահանջել մեքենան հանել այդ հատվածից: Վահագնը պահանջել է իրեն ներկայացնել այդ հրամանի իրավական հիմքերը:
«Առանց նորմալ պատասխան տալու` քարշակ կանչեցին և մեքենաս տարան տուգանային հրապարակ, ինձ էլ՝ ոստիկանություն»- պատմեց Վահագնը:
Քաղաքացիական ակտիվիստի նկատմամբ արձանագրություն է կազմվել ՔՕ 182 հոդվածով, ու նրան ազատ են արձակել: Վահագնի խոսքով` բացի մեքենայից «առևանգել են» նաև խոտածածկի վրայի պաստառները, որոնցով ակտիվիստները պահանջում են Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի ու «Երեւանտրանս»-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունը:
«Ընկերներս զանգեցին ու ասացին, որ պաստառները տարել են: Ես փորձեցի ճշտել ոստիկանությունից, ու ինձ պատասխանեցին, որ պաստառները դրել են մեքենայիս մեջ ու մեքենան տարել տուգանային հրապարակ: Բայց ի՞նչ իրավունքով են բացել մեքենայիս դռները», - ասաց ակտիվիստը:




























