Հոլանդական Լեուվարդեն քաղաքում այրվել է տունը, որտեղ ծնվել է լեգենդար կին լրտես Մատա Հարին, կիրակի հաղորդել է Ֆրանս Պրես գործակալությունը: Հրդեհը բռնկվել է Լեուվարդենում շաբաթ երեկոյան: Մեկ մարդ զոհվել է, այրվել են մի քանի տներ, այդ թվում նաեւ այն, որտեղ 1876թ.-ին ծնվել է Մարգարետա Հերտրուգա Զելեն. սա Մատա Հարի իրական անունն է: Մարգարետայի հայրը Լեուվարդենում գլխարկների խանութ ունեեւ, սակայն, տանուլ էր տվել, սննկացել ու լքել ընտանիքը: Մայրը մահացել էր, երբ նա 15 տարեկան էր, իսկ Զելե ընտանիքի երեխաներին(Մարգարետան երեք եղբայր ուներ) բաժանել էին եւ ուղարկել տարբեր հարազատների մոտ: 18 տարեկանում Մարգարետան ամուսնացել էր 38-ամյա սպայի հետ, ով ծառայում էր Արեւելյան Հնդկաստանում, սակայն ամուսնությունն անհաջող էր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Առանց գումարի ու ամուսնու գալով Ֆրանսիա՝ Մարգարետան նոր անուն է վերցնում ու ստեղծում է էկզոտիկ պարուհի Մատա Հարիի կերպարը(մալայերեն նշանակում է «օրվա աչք»՝ արեւ): Համարվում է, որ գերմանացի լրտես դարձել է նախքան պատերազմի սկիզբը, իսկ հետո նրան վերահավաքագրել են ֆրանսիացիները:
Մատա Հարիին ձերբակալել են Փարիզում 1917թ.-ի փետրվարի 13-ին լրտեսության մեղադրանքով: Նրա դատավարությունը փակ էր: Գնդակահարել են 1917թ.-ի հոկտեմբերի 15-ին: Մարմինը հարազատները չեն պահանջել, ուստի այն փոխանցել են մարդաբանության թանգարանին, որտեղ բալզամապատ գլուխը պահել են մինչեւ 2000 թվականը, երբ անհայտ անձինք գողացել էին այն:





























