Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով վիրավորներից եւս մեկը այսօր՝ հոկտեմբերի 21-ին, «Արմենիա» բ/կ-ում մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության Նաիրիի բաժնից: Ավելի վաղ մահացել էր Էդգար Հակոբյանը, իսկ այսօր առավոտյան մահացողը նրա եղբայրն էր՝ Էդուարդ Հակոբյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ 5 վիրավորները այժմ գտնվում են հիվանդանոցներում, նրանց վիճակը ծանր է: Հակոբյանների մեքենայի ետեւի նստատեղին գտնվում էին եղբայրների երեխաները՝ երկուական տղա եւ աղջիկ, նրանց վիճակը եւս ծանր է: Իսկ BMW-ի վարորդը հայտնի դերասան Վարդան Պետրոսյանն էր, ով գյուղից տուն էր վերադառնում:
Դեպքի առթիվ, ոստիկանության փոխանցմամբ, հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Վիրավորներից մեկը հայտնի դերասան Վարդան Պետրոսյանն է:





























