«Բոլորն օրենքի առաջ հավասար են, իսկ Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ Ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարի կողմից տրամադրված նամակն ինքն ընթերցել է խմբակցությունների հետ տեղի ունեցած հանդիպմանը, որ, ըստ նրա, կարող եք հիմք ընդունել»։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին՝ դիրքորոշում հայտնել Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, թե ինչ հիմքով էր ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները խոչընդոտել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ մի խումբ անձանց տեղաշարժը։
Աբրահամյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ կրկին տվեց այդ հարցը, բայց ԱԺ նախագահը չպատասխանեց հարցին, երրորդ անգամ ԱԺ նախագահն ասաց. «Պարոն Փաշինյան, մի բանը մի անգամ են ասում, ես ձեր մասին լավ կարծիք ունեմ, որ միանգամից հասկանում եք։ Իմ կարծիքով՝ օրենքը չի խախտվել։ Բավարված ե՞ք... Դուք ընդհանրապես երբ եք բավարարվում ո՞ր»։
Ի պատասխան՝ Ն. Փաշինյանն ասաց. «ԱԺ-ում ավանդույթ է հաստատվում, որ իշխանության ներկայացուցիչները հնչեցնում են պատասխաններ, որոնք հարցի հետ կապ չունեն։ Ես հանրությանը հետաքրքրող հարց եմ տալիս, դուք անընդհատ քննարկման եք հրավիրում։ Կարո՞ղ է՝ ՀՀ-ն ինքնիշխան պետություն չէ, ուղղակի չեք ասում, որ տրամադրություններս չընկնի։ Իմ հարցը պարզ է՝ ինչո՞ւ են կանգնեցրել, ինչո՞ւ են խուզարկել»։
«Ոչ ոք սահմանային կետ չի սահմանել, եթե ձեր ասածը եղել է, այո, դա օրենքի խախտում է։ Բայց այդպիսի բան չի եղել, դրա համար խնդրում եմ նամակին ծանոթանալ»,- ասաց Հ. Աբրահամյանը։
Իր հերթին «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ԱԺ նախագահը պետք է այդ տեղեկատվությունն անձամբ իրեն տրամադրեր, բայց երեւի հարմար չի եղել։ ԱԺ պատգամավորի խոսքով՝ երբ քաղաքացու նկատմամբ կատարվում են նման սահմանափակումներ, ապա հենց ԱԺ-ն պետք է միջամտի եւ կանխի այդ գործողությունները։ «Եթե ռուսական զորքերը չունեին այդ իրավունքն, ապա ինչու նրանք պատասխանատվության չեն ենթարկվում, իսկ եթե ունեն, ապա ինչու Հայաստանի իրավապահ մարմինների հետ միասին չեն իրականացնում այդ գործողությունները»,- հարցրեց նա։
ԱԺ նախագահն արձագանքեց. «Քանի որ դուք բուռն զբաղված էինք նախ Սյունիքի մարզում, հետո մեկնեցիք Ստրասբուրգ, մենք հնարավորություն չունեցանք հանդիպելու։ Ես պատրաստ եմ տրամադրել ձեզ այդ նամակը եւ բոլոր ցանակցող պատգամավորներին։ Եթե կնկատեք խախտումներ, ապա կդիմենք իրավապահ մարմիններին»։
«Գուցե ԱԺ-ն լուծարվի, քանի որ որեւէ գործառույթ չի կարողանում իրականացնել, չի հավատում որեւէ մեկին եւ ոչնչին եւ որեւէ քայլ ձեռնարկում»,- ասաց Զ․Փոստանջյանը։
«Ես չեմ հավատում ձեր հայտարարություններին, որովհետև կյանքը ցույց է տվել, որ դուք կարող եք զրպարտություններով զբաղվել»,- նշեց Հ. Աբրահամյանը։
«Պարոն Աբրահամյան, Ձեր վերադա՞սը ՖՍԲ-ն է»,- հետաքրքվեց Փոստանջյանը։
Ի պատասխան Աբրահամյանն ասաց. «Դուք ձեր ասածներին հավատո՞ւմ եք։ Խնդրում եմ, որ ձեր փորձը խաթարել ԱԺ-ի գործունեությունը, դադարեցնեք։ Դա մեր շահերից չի բխում, մեզ ընտրել են, որ աշխատենք»։





























