Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հերքել է լուրերն այն մասին, որ պաշտոնից հեռանալով, երկիրը ղեկավարելու է «հետնաբեմից»: Ինչպես Իվանիշվիլին է հայտարարել Agence France-Presse-ին տված հարցազրույցում, ինքը դրա իմաստը եւ տրամաբանությունը չի տեսնում: Նա նաեւ հայտարարել է, որ Սահակաշվիլին քաղաքական դիակ է եւ նրա պաշտոնավարության ավարտից հետո, հնարավոր է դատարանի առաջ կանգնի:
Ֆրանսիական գործակալությանը տված հարցազրույցում Իվանիշվիլին եւս մեկ անգամ հաստատել է, որ կհեռանա իր պաշտոնից՝ նախագահական ընտրություններից կարճ ժամանակ անց: «Երդմնակալությունից մեկ շաբաթ անց ես հրաժարական կտամ եւ կթողնեմ վարչապետի պաշտոնը»,-հայտարարել է նա փոխանցում է «Ինտերպրեսսնյուսը»:
Իվանիշվիլին նաեւ ենթադրել է, որ «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին նախագահական ընտրություններում հաղթանակ կտանի հենց առաջին իսկ փուլում:





























