Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մեկ օրվա ընթացքում հրապարակային հայտարարությամբ հանդես կգա՝ կապված Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Նա նշեց, որ տեղյակ չէ՝ ինչ միջադեպ է եղել ՕԵԿ առաջնորդ, Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրված Արթուր Բաղդասարյանի եւ ԲՀԿ առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջեւ:
Հարցին, արդյոք ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները ընդունելի չեն, Հրաչյա Ռոստոմյանը չցանկացավ պատասխանել՝ կոչ անելով մեկ օր սպասել բոլոր հարցերի սպառիչ պատասխանը ստանալու համար:
Հիշեցնենք, որ Բրյուսելից Երեւան ժամանող նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորելու ժամանակ՝ «Զվարթնոց» օդանավակայանում հոկտեմբերի 19-ին միջադեպ է գրանցվել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ , Հայաստանի օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջեւ:
Արթուր Բաղդասարյանի մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր.«Եղել է տղամարդկային բանավեճ՝ կապված Վոլեյբոլի ֆեդերացիայի հետ: Բանավեճը ունեցել է քաղաքակիրթ ավարտ, նախագահին դիմավորելուց հետո յուրաքանչյուրը իր մեքենայով հեռացել է՝ մնալով իր կարծիքին»:
Իսկ ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանից առայժմ չի հաջողվում մեկնաբանություն ստանալ, նա չի պատասխանում հեռախոսազանգերին:
Նշենք, որ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում փոխարինել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:





























