ԵՄ-ն պատրաստվում է վերսկսել Թուրքիայի անդամակցության շուրջ ընդհատված բանակցությունները` Անկարային ժողովրդավարության կառուցման մղելու համար:
Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 21-ի հանդիպման ժամանակ նման համաձայնության են եկել ԵՄ-ի 28 երկրների Մշտական ներկայացուցիչների խորհրդի (COREPER) անդամները: Հանդիպումը նախորդել է ԵՄ Արտգործնախարարների խորհրդի նիստին: Թուրքիան ԵՄ-ում ընդգրկելու բանակցային գործընթացն ընդհատվել էր այս տարվա հունիսին` Անկարայում բողոքի ցույցերը դաժանաբար ճնշելուց հետո, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ոչ ոք չի թաքցնում, որ Թուրքիայի հետ երկխոսությունը վերսկսելու մասին վճիռը կայացվել է բացառապես գաղափարաբանական պատճառներով: ԵՄ այդ երկրի անդամակցության իրական հեռանկարները չեն դիտարկվում:
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցային գործընթացը մեկնարկել է 2005թ. հոկտեմբերի 3-ին եւ բաղկացած է 35 թեմատիկ բաժիններից կամ գլուխներից: Բացի թուրքական հասարակության կառուցողական փոփոխություններից, կան մի շարք խնդիրներ, որոնք պետք է լուծվեն եվրոպական հանրությանը բավարարելու համար. Կիպրոսի Հանրապետության ճանաչումը, քրդերի հարցը, 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը:





























