ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական խորհրդի պատվիրակությանը՝ խոհրդի նախագահ Կարեն Ավագյանի գլխավորությամբ։ Ճանաչողական այցով ժամանած պատվիրակության կազմում էին խորհրդի հանրապետական եւ մարզային կառույցների, Երեւանի մի շարք բուհերի ուսանողական խորհուրդների պատասխանատուներ։
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ողջունելով երիտասարդ հասարակական գործիչներին, ԱԺ նախագահը կարեւորեց նրանց արցախյան այցը՝ որպես հայրենաճանաչության արտահայտություն։ Ղարաբաղյան շարժումից հետո, որի 25-ամյակը լրացավ այս տարի եւ որպես հոբելյանական տոնակատարություն ողջ տարվա ընթացքում նշվում է համայն հայության բոլոր հատվածներում, ասաց նա, նոր սերունդ է աճել, որն արդեն տեր է կանգնում մեր ժողովրդի ներկա եւ գալիք ճակատագրի համար իր բաժին պատասխանատվությանը։ «Դուք, որպես այդ սերնդի ներկայացուցիչներ եւ ապագա քաղաքական գործիչներ, պետք է պատրաստ լինեք արժանավայել դիմակայելու առաջիկա հնարավոր մարտահրավերները»,- նշեց խորհրդարանի նախագահը։
Հանդիպմանն ԱԺ նախագահը հանգամանալի անդրադարձ կատարեց ամենատարբեր ասպարեզներում Արցախի քաղաքական, հանրային, սոցիալ-տնտեսական եւ այլ խնդիրներին, կարեւորեց երիտասարդության դերակատարությունն այդ ամենի իրականացման գործում։ Ապա նա պատասխանեց ներկաների տարաբնույթ հարցերին։





























