«Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ Սևակ Հովհաննիսյանը հետապնդումների է ենթարկվում իր հակաաղանդավորական գործունեության  պատճառով։ Հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը Սեւակ Հովհաննիսյանը պատմեց, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրեն ուղղված սպառնալիքների հետեւում, իր կարծիքով, կանգնած է  Մայր աթոռ Սբ Էջմիածնի դիվանատան աշխատակից Տ. Հակոբ աբեղա Գրիգորյանը (Արման  Գրիգորյան)։

«Մեր տեղեկություններով՝ հայր Հակոբը, այսուհետեւ Արման Գրիգորյանը, որովհետև իմ համար նա քահանա չի կարող կոչվել, ինչ-որ կապեր ունի «Դոգ» մականունով ոստիկան Վարդան Ղուկասյանի հետ»- ասաց Սևակ Հովհաննիսյանը: 

Այդ կապերն էլ օգտագործելով՝ տեր Հակոբը, ըստ Սեւակ Հովհաննիսյանի, փորձում է ճնշումներ գործադրել իր վրա։ Հարցին, թե ինչու պետք է հայ առաքելական եկեղեցու սպասավորը հետապնդեր աղանդների դեմ պայքարողին, Սեւակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ըստ իս, Արման Գրիգորյանը կապ ունի ինչ-որ աղանդավորական կառույցի հետ, որովհետև Հայ առաքելական եկեղեցու սպասավորը չի կարա նման քայլի դիմի, բազմաթիվ սպասավոր, քահանա ընկերներ ունեմ, ովքեր ինձ հոգևոր սնունդ են տրամադրել, բայց նման երևույթի դեռ չէի հանդիպել»։

Սեւակ Հովհաննիսյանն իր դեմ հետապնդումների վերաբերյալ պաշտոնապես դեռ հաղորդում չի ներկայացրել ոստիկանությանը, բայց բանավոր տեղեկացրել է՝ խնդրելով իր անվտանգությունը ապահովել։ Ոստիկանությունում ասել են, որ նրա խնդրանքը կարող են բավարարել միայն գրավոր բողոքի եւ հիմնավոր փաստերի առկայության դեպքում։

Սեւակ Հովհաննիսյանն այս մասին տեղեկացրել է նաեւ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներին։ Ասուլիսից հետո Սեւակ Հովհաննիսյանը զանգահարել է Կոմիտաս Վարդապետին ու տեղեկացրել, որ նրան կուղարկի իրն ուղղված սպառնալիքներով նամակները։

Հիշեցնենք, որ ՄԵԼ-ը օրերս հրապարակել էր շոու բիզնեսի այն ներկայացուցիչների ցանկը, ովքեր տարբեր աղանդների հետեւորդներ են։ Իսկ «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը NEWS.am-ին տրամադրել էր ձայնագրություն, որում, նրա տվյալով, խոսում է «Ռեմա» աղանդի ավագ հովիվ Կարեն Խաչատրյանը եւ ասում, որ երգչուհի Արմինկան ռեմայական է։