Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մտադիր է հրաժարվել այդ պաշտոնից: ԱԺ-ին մեր աղբյուրները հայտնեցին, որ այդ հարցով նա դեռեւս որեւէ դիմում չի ներկայացրել Աժ ղեկավարությանը, հավանաբար պատրաստվում է նիստում հայտարարել այդ մասին, ապա դիմում ներկայացնել:
Հատկանշական է, որ թե խմբակցությունում, թե կուսակցությունում տեղյակ չեն նրա հրաժարականի մասին: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ մասին տեղեկացել է լրատվամիջոցներից, երեկ իրեն Ռուբեն Հակոբյանը որեւէ բան չի ասել:
«Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւս մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ դրանից, հետեւաբար՝ չի կարող մեկնաբանել: Նա նշեց, որ վարչությունում նմանատիպ հարց չեն քննարկել:
Իսկ Ռուբեն Հակոբյանից հնարավոր չեղավ մեկնաբանություն ստանալ, քանի որ նա չի պատասխանում հեռախոսազանգերին:
Ի դեպ, լրատվամիջոցներում արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ Ռուբեն Հակոբյանին խմբակցության ղեկավարի պաշտոնում կփոխարինի Զարուհի Փոստանջյանը:





























