Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի ավագ որդու՝ 29-ամյա Դավիթ Վարդանյանի սահմանակետով թմրանյութ անցկացնելու դեպքի առթիվ նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ 2013թ հոկտեմբերի 13-ին ՔՕ-ի 268-րդ հոդվածի 3-րդ մասի (առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի շրջանառությունը, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով:) եւ 215 հոդվածի 2-րդ մասի (մաքսանենգություն, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ) հատկանիշներով ոստիկանության Սյունիքի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրգործ: Հոկտեմբերի 15-ին մեղադրանք է առաջադրվել Դավիթ Վարդանյանին եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հոկտեմբերի 16-ին քրեական գործը ընդունվել է վարույթ քննչական գլխավոր վարչության ՀԿԳ գլխավոր վարչությունում: Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի ավագ որդուն՝ 29-ամյա Դավիթ Վարդանյանին, 7-8 օր առաջ ձերբակալել են Իրան-Հայաստան սահմանին: Սահմանակետով թմրանյութ անցկացնելիս նրան ձերբակալել էին, ապա՝ կալանավորել եւ ուղարկել Երեւան՝ քննչական մեկուսարան:





























