Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հրաժարվելու է խմբակցության ղեկավարի պաշտոնից: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Ռուբեն Հակոբյանը:
Հարցին, թե որն է հրաժարականի պատճառը, նա արձագանքեց. «Առանց մեկնաբանությունների»:
Դիտարկմանը, թե այսօր նիստո՞ւմ հայտարարելու եք այդ մասին, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ պարտադիր չէ եւ չգիտի, թե ինչ ընթացակարգով պետք է դա լինի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մտադիր է հրաժարվել այդ պաշտոնից: ԱԺ-ին մեր աղբյուրները հայտնեցին, որ այդ հարցով նա դեռեւս որեւէ դիմում չի ներկայացրել Աժ ղեկավարությանը, հավանաբար պատրաստվում է նիստում հայտարարել այդ մասին, ապա դիմում ներկայացնել:
Հատկանշական է, որ թե խմբակցությունում, թե կուսակցությունում տեղյակ չեն նրա հրաժարականի մասին: Ի դեպ, լրատվամիջոցներում արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ Ռուբեն Հակոբյանին խմբակցության ղեկավարի պաշտոնում կփոխարինի Զարուհի Փոստանջյանը:




























