ԼՂՀ Շուշիի շրջանում հոկտեմբերի 21-ին մեկնարկել է խոշոր համատեղ հրամանատարաշտաբային ուսումնավարժությունը՝ «ԼՂՀ Շուշիի շրջանում ուժեղ երկրաշարժի հետեւանքների վերացման ժամանակ փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով:
Ուսումնավարժությանը մասնակցում են Հայաստանի ԱԻՆ ստորաբաժանումները` նախարար Ա. Երիցյանի գլխավորությամբ, «Սեյսմիկ պաշտպանության արեւելյան ծառայություն» ՊՈԱԿ-ը, ԼՂՀ ԿԱ փրկարար ծառայությունը եւ մյուս պետական մարմինները, Շուշիի շրջանի եւ համայնքների ղեկավար կազմերը:
Հիմնական նպատակներն են՝
- ընդգրկված գերատեսչությունների գործողությունների համաձայնեցում երկրաշարժի հետեւանքների վերացման ժամանակ.
- Շուշիի շրջանում երկրաշարժի հետեւանքների վերացման հնարավոր կարիքների գնահատում.
- Շուշիի շրջանի բնակչությանը երկրաշարժի դեպքում վարքականոնների ուսուցանում.
- ստուգել բնակչության ազդարարման համակարգը:
Ըստ սցենարի՝ ԼՂՀ տարածքում (Շուշիից 30 կմ հյուսիս-արեւմուտք, Չիչեկլի (2622 մ) բարձունքի մոտ) զգացվել են երկրակեղեւի ցնցումներ: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Նախնական տվյալներով՝ կան զոհեր ու ավերածություններ:
Ուժեղ երկրաշարժի հետեւանքով մարդիկ խուճապի մատնված լքել են շինությունները: Բազմաթիվ շենք-շինություններ ստացել են լուրջ վնասվածքներ: Երկրի մակերեսին առաջացել են ճեղքեր, տեղի են ունեցել քարաթափումներ եւ սողանքներ: Ջրամբարներից ջուր է ժայթքում: Վնասվել են ոռոգման բետոնապատ ջրանցքները:





























