Մաքսային միությունը ազատ առեւտրի գոտի չէ, այլ՝ ռուսական առեւտրի: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի երեքին Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը , փաստացի, ոչինչ չի ստորագրել: «Մոսկվայում հանդիպելու նպատակը ավելի շատ Եվրամիությանը «ոչ» ասելն էր, քան Մաքսային միությանը՝ «այո»: Սակայն հարկ է նշել, որ մեզանից եւ ոչ ոք չի տեսել ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագիրը եւ խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձանագիրը»,-ընդգծել է Կիրակոսյանը, հավելելով, որ գլխավոր մտավախությունը կապված է ոչ թե Մաքսային միությանն անդամակցելու որոշման հետ, այլ նրա, թե ինչպես է այդ որոշումը կայացվել, եթե դրա մասին չգիտեին անգամ երկրի իշխանության ներկայացուցիչները:

Նրա խոսքով՝ այդ որոշման դրական ու բացասական կողմերը հնարավոր կլինի տեսնել հետագայում: «Սակայն մի բան արդեն ակնհայտ է. կան իրավական ու սահմանադրական արգելքներ՝ կապված Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցեու հետ»,-կարծիք է հայտնել փորձագետը՝ հավելելով, որ տնտեսական առումով ԵՄ-ն ու եվրոպական շուկան Հայաստանին շատ ավելին են առաջարկում, քան Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի տնտեսությունները:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի երեքին Մոսկվա կատարած այցի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրության մասին: