Ինչո՞վ է պայմանավորված գործազրկության նպաստ ստացող գործազուրկների թվի էական կրճատումը, եթե երկրում գործազրկության աճ կա: Այդ հարցն այսօր՝ հոկտեմբերի 22-ին հետաքրքրում էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ով «Զբաղվածության մասին» օրենքի քննարկումների ընթացքում հարց ուղղեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:
Նախարարը հաստատեց, որ իրոք՝ զբաղվածության գործակալությունում նվազել է հաշվառված գործազուրկների քանակը, քանի որ կառավարությունն աշխատանքի տեղավորման ավելի ատիվ քաղաքականություն է իրականացնում: Բացի այդ՝ գոյություն ունի տարբերություն պաշտոնական եւ իրական գործազրկության միջեւ: Պաշտոնական գործազրկությունը մոտ 7% է, սակայն տնային տնտեսությունների հետազոտությունները ցույց են տալիս, որ իրական մակարդակը մոտ 17% է:
Ի պատասխան՝ Ն. Փաշինյանը հեգնեց, թե կառավարությունը միշտ էլ վիճակագրական տարբեր թվեր է ստանում՝ ընտրացուցակներում մարդիկ ավելանում են, իսկ բյուջետային ցուցակներում՝ պակասում:




























