Եթե քաղաքապետը 7-օրյա ժամկետում պաշտոնանկ չանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին, որը պահանջում են արդեն 90 օր քաղաքապետարանի առջեւ նստացույց անող «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամները, ապա ակտիվիստները դադարեցնելու են նստացույցը եւ անցնելու են ավելի սուր եւ ակտիվ գործողությունների։
Քաղաքապետարանի առջեւ հրավիրված բացօթյա մամուլի ասուլիսում, սակայն, քաղաքացիական ակտիվիստները չհստակեցրին, թե կոնկրետ ինչ գործողությունների մասին է խոսքը։
«Համարում ենք, որ սպառվել է այն ողջամիտ ժամկետը, որի ընթացքում ավագանին եւ քաղաքապետը հնարավորություն ունեին վերլուծելու ստեղծված իրավիճակը եւ կայացնելու օրինականության հաստատմանը եւ հանրային շահին միտված որոշումներ։ 90 օր շարունակվող նստացույցը ի ցույց դրեց վարչախմբի գաղափարական սնանկությունը, ոստիկանական համակարգի իմիտացիան, կոսմետիկ փոփոխությունները»,- ասվում է նրանց տարածած հայտարարությունում։
Քաղաքացիական ակտիվիստներ Վահագն Մինասյանը եւ Սուրեն Սահակյանը կոչ արեցին բոլոր քաղաքացիներին, քաղաքացիական նախաձեռնությոններին, միանալ այս հայտարարությանը, միասնական օրակարգ ձեւավորել եւ հետամուտ լինելւ երկրում առկա խնդիրների լուծմանը։
Վահագն Մինասյանը նշեց, որ պաշտոնյաները պաշտոնանկ չեն արվում միայն այն պատճառով, որ «հանդիսանում են երկրում իշխանությունը յուրացրած վարչախմբի կողմից ստեղծված հարստահարիչ համակարգի օղակներ եւ նրանց պաշտոնանկությունը կնվազեցնի այդ համակարգի աշխատանքի արդյունավետությունը»։
Նույնիսկ եթե քաղաքապետարանը կատարի ակտիվիստների պահանջը եւ պաշտոնանկ անի «օրինազանց պաշտոնայներին», ակտիվիստները շարունակելու են պայքարել տրանսպորտի թանկացման դեմ։





























