ԱԺ նիստում այսօր՝ հոկտեմբերի 22-ին, գրանցվեց հերթական միջադեպը։ Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց հնչեցնել նախօրեին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղղված հարցը, թե ինչ իրավական հիմնավորմամբ էին Սյունիքի մարզում ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները խոչընդոտել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի տեղաշարժը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը թույլ չտվեց, որ Փաշինյանը շարունակի՝ հրահանգելով անջատել նրա խոսափողը:

Այնուհետեւ «Զբաղվածության մասին օրենքի» նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթագրվեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարց ուղղելու համար: Զբաղվածության նպաստի վերաբերյալ հարցից հետո Նիկոլ Փաշինյանն օգտվեց առիթից եւ դարձյալ անդրադարձավ ռուսական հատուկ ծառայությունների գործողություններին: Սա հունից հանեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազնաովին, ով լեզվակռվի բռնկվեց Փաշինյանի հետ:

«Եթե դուք նստած եք ամբիոնի մոտ, դա չի նշանակում, որ կարող եք թելադրել, ձեզ ամեն ինչ թույլ տալ»,- Շարմազանովին դիմելով ասաց Փաշինյանը: Փոխադարձ գոռգոռոցներից հետո Շարմազանովը հրահանգեց անջատել Փաշինյանի խոսափողը՝ կոչ անելով առաջնորդվել ԱԺ կանոնակարգով: