Հայաստանի Մաքսային միություն մտնելը ոչ մի ուղղակի կապ չունի Լեռնային Ղարաբաղի եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին հոկտեմբերի 22-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, որը վերաբերում էր չճանաչված պետություններին եւ ԼՂՀ-ին կարգավիճակ տրամադրելու հեռանկարը որպես Հայաստանի համար ՄՄ մտնելու ազդակ հանդիսանալուն:
«Բելառուսն ու Ղազախստանն այնքան էլ շահագրգռված չեն Հայաստանը Մաքսային միությունում տեսնելու հարցում: Սակայն Հայաստանի գործարարներից մեկը՝ պարոն Ծառուկյանը, դրանից օգուտ կստանա, քանի որ լուրջ բիզնեսներ ունի Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ նրա ընտանիքի հետ», - նշել է Ռիչարդ Կիրակոսյանը:
Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի Մաքսային միություն մտնելը կապ չունի ԼՂՀ-ի հետ:
«Սակայն սպառնալիքը բխում է Բաքվից: Եթե Ադրբոջանը խելամիտ լինի եւ անդամակցի ՄՄ-ին, ի՞նչ կլինի ԼՂՀ-ի հետ: Դա իրական խնդիր կդառնա: Այս գործընթացում ԼՂՀ-ն անմիջական խաղացող չէ», - տեսակետ է հայտնել փորձագետը՝ ընդգծելով, որ Հայաստանը կշարունակի սերտ հարաբերությունները Ղարաբաղի հետ, եւ որ դա սպառնալիքի տակ դրված չէր ոչ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրով, ոչ Մաքսային միությամբ:
«Սակայն տեսականորեն Ռուսաստանը կարող է Հայաստանի եւ ԼՂՀ սահմանին անցակետի ստեղծում պահանջել: Այլ խոսքով՝ դա կնշանակի, որ ԼՂՀ-ն կդառնա ՄՄ արտաքին սահման: Հուսանք, որ Ռուսաստանը նման բան չի առաջարկի, իսկ Ադրբեջանն այնքան խելացի չի լինի՝ նշված քայլերն իրականացնելու համար», - նշել է Ռիչարդ Կիրակոսյանը:





























