Էլեկտրոնային գնումների համակարգը Հայաստանում չի կայացել: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը: Սա այն դեպքում, երբ 2012 թ. հունվարին ՀՀ ֆինանսների այն ժամանակվա նախարար Վաչե Գաբրիելյանը ի լուր ամենքի հայտարարեց, որ անցնում ենք էլեկտրոնային գնումների համակարգին:
Սակայն, փորձագետի կարծիքով, այդ համակարգն ունի դրվագային բնույթ՝ էլեկտրոնային եղանակով իրականացվում է պետգնումների ընդամենը 2%-ը: Ընդ որում՝ պատվիրատու պետական գերատեսչությունները եւս լուրջ չեն վերաբերում այդ համակարգին: 2012 թ. պլանավորվել է 61 մրցույթ, սակայն դրանց 40%-ը չի կայացել: Բացի այդ՝ երբեմն ի հայտ են գալիս տեխնիկական խնդիրներ, որ թույլ չեն տալիս ավարտել ընթացակարգը:




























