Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում Ղազախստանից հավասարակշռված մոտեցում է ակնկալում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին իր հավատարմագրերը հանձնելու արարողությունից անմիջապես հետո, հաղորդում է Tengrinews.kz-ը:
Արա Սահակյանը Հայաստանի նախագահի անունից՝ Նուրսուլթան Նազարբաեւին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան:
Դեսպանը նշել է, որ Հայաստանը Ղազախստանը բարեկամ երկիր է համարում: «Մենք ունենք ցավոտ խնդիր՝ ԼՂ խնդիրը, որի կարգավորման համար արդեն ավելի քան 20 տարի գործում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ երեք համանախագահների ձեւաչափը, որը ներկայացնում են ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան: Մենք կարծում ենք, որ այդ ձեւաչափն արդյունավետ է, եւ ռեսուսրները, որոնք ունի Մինսկի խումբը, ամբողջությամբ սպառված չեն: Հաշվի առնելով, որ բանակցություններն ընթանում են շատ երկար եւ կողմերը վճռորոշ որոշման չեն եկել, մենք բոլոր, հատկապես բարեկամ երկրներից, այդ թվում Ղազախստանից, հավասարակշռված մոտեցում ենք ակնկալում»,-ասել է Հայաստանի դեսպանը:
Նա նաեւ ընդգծել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի տեղի համար ընտրություններում Հայաստանը քվեարկելու է Ղազախստանի օգտին:





























