Ֆրանսիան դաշնակիցներ է ներգրավում Ռուսաստանին հակազդելու ծրագրում, որը նախատեսում է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչների տեղակայում։ Այս մասին հոկտեմբերի 25-ին հայտնել է «The Wall Street Journal» թերթը։
Ռազմավարական հարցերով Ֆրանսիայի նախագահի խորհրդական Քսավյե Շատելը հայտարարել է, որ նման որոշումը նոր խնդիրներ է ստեղծում Մոսկվայի համար, քանի որ «ավելացնում է բարդության ևս մեկ մակարդակ», որը նա ստիպված կլինի հաշվի առնել։
Պարբերականի տեղեկություններով՝ նախաձեռնությունը ստացել է «առաջապահ զսպում» անվանումը։ Դրա շրջանակում նախատեսվում է Եվրոպայի տարածքում տեղաբաշխել ֆրանսիական «Rafale» ինքնաթիռները, որոնք ունակ են միջուկային զենք կրել։ Բացի այդ, ծրագիրը նախատեսում է նոր ենթակառուցվածքների, կապի միջոցների և վաղ ազդարարման համակարգերի ծավալում, ինչպես նաև Փարիզի և նրա դաշնակիցների միջև հետախուզական տվյալների փոխանակման հաստատում։
Առաքելության վերջնական նպատակն է Ռուսաստանի համար «ռազմավարական անորոշություն» ձևավորել։





























