Պատահական ստուգումներ իրականացնելու նպատակով ձեւավորված արագ արձագանքման աշխատանքային խմբի նախորդ օրերի ստուգայցերի ժամանակ հայտնաբերվել է ապօրինի փայտի տեղափոխման տասներկու եւ հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման երկու դեպք:  46 որոշումների արդյունքում պետական բյուջե պետք է մուտքագրվի վարչական իրավախախտումների գործերով 1 մլն  ՀՀ դրամ, իսկ բնությանը պատճառած վնասի վերականգնման մասով 410 հազար դրամ:

Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային խումբն  արձագանքել է «Հետք» լրատվական գործակալության հրապարակմանը՝ ուսումնասիրություններ իրականացնելով  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն»  մասնաճյուղում: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ հրապարակման մեջ հիշատակված 12 խ/մ փայտանյութի մթերումն իրականացվել է գործող օրենքին, անտառային օրենսգրքին եւ սահմանված կարգին համապատասխան: Գործին կցվել է անտառահատման օրինական տոմսը եւ պայմանագիրը:

Խումբը շարունակում է պատահական ստուգումներ իրականացնել  Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում: 

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության  14-18.10.2013թ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 500.50 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի  որոշումներ եւ հաշվարկվել է 357.00 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռիի տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման մեկ գործի քննության արդյունքում կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման երեք գործերի քննության արդյունքում կայացվել է 150 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած մեկ անտառխախտման արձանագրության հիման վրա կատարվել է տեղազննում  եւ հաշվարկվել է 345 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 12 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների եւ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի  բաժնի հետ համատեղ իրականացրած վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված ապօրինի որսի մեկ դեպքի քննության արդյունքում իրականացվել է վարչական վարույթ: Ֆիզիկական անձի նկատմամբ  նշանակվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի մեկ որոշում:  Բռնագրավված 2.5 կգ խեցգետինը Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կազմած համապատասխան արձանագրություններով կենդանի վիճակում բաց է թողնվել Սեւանա լիճ:              

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած երկու դեպքի  համար կայացվել է  200 հազար դրամ ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության ստորաբաժանումների կիրառած պատժամիջոցներից  պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.15 մլն դրամ գումար: