Վրաստանում նախագահական ընտրություններին ընդառաջ Վրաստանի հայությունն ընդգծված ընդունելի թեկնածու չունի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց  Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության հարցերի կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը: Նրա խոսքով՝ որոշ տարբերություններ կան Ջավախքում, որովհետեւ Ջավախքը եւ Վրաստանի մյուս տարածքները  տարբեր խնդիրներ ունեն:

«Եթե Վրաստանի համար բացարձակ միեւնույնն է, թե նախագահը ինչ քաղաքականություն ունի ազգային հարցերում՝ կրթության, դպրոցների, ապա ջավախահայերի համար դա միեւնույն չէ»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ Ջավախքում այսօր վիճակագրական տվյալներով առաջին դիրքերում գտնվում է Սահակաշվիլիի առաջադրած թեկնածուն՝ Դավիթ Բաքրաձեն: «Դա չի նշանակում, որ հայերը Սահակաշվիլիի վարած քաղաքականությունից բացարձակապես գոհ են, հատկապես ազգային քաղաքականության հարցում: Սակայն մյուս թեւը նույնպես ընդգծված քաղաքականություն չի դրսեւորում` չեն ասում, որ  իրենք այս-այս հարցերում տարբերվում են Սահակաշվիլիից: Սահակաշվիլին ասում էր ինտեգրում եւ վրաց լեզվի ուսուցում, սրանք էլ են նույնը ասում: Միաժամանակ  հայերը տեսնում են, որ Սահակաշվիլիի ժամանակ ինչ-որ հարցերում  սոցիալական հարցերում` ջրատար,  գազ կառուցվեց, բայց հայտնի չէ, թե սրանք ինչ կանեն, դրա համար խիստ զգուշանում են»,- պարզաբանեց Հայկազուն Ալվրցյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am