Մոսկվայում ոստիկանները կալանավորել են «Չերյոմուշկա» վարչական տարածքի պատգամավոր, «Յաբլոկո» կուսակցության անդամ Գրիգորի Սեմենովին, քանի որ ընդդիմադիրն աղտոտել էր Պետդումայի շենքի մուտքը՝ աստիճանների վրա մուրճով կոտրելով տպիչը:

«Այսօր Պետդուման հերթական օրենքն է ընդունում՝ ընտրությունների անցկացման հատուկ կարգ Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի համար, Մոսկվայի համար հաստատում է մեծամասնական ընտրություն: Ես կարծում եմ, որ պետք է վերջ դնել այս ապօրինությանը», - իրավիճակը մեկնաբանել է կուսակցության առաջնորդ Սերգեյ Միտրոխինը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նախօրեին Միտրոխինը «Էխո Մոսկվի»-ի  բլոգում բողոքի ցույցի մասին էր  հայտարարել: Ըստ Միտրոխինի՝ այն պետք է անցկացվեր «Կանգնեցնենք կատաղած տպիչը» կարգախոսով:

«Պետդումայի կատաղած տպիչը ինչպես միշտ անսպասելի է միացել: Սկզբում օրինագիծը պարզապես  նվազեցրել է պատգամավորների անհրաժեշտ մինիմումը՝ 50%-ից մինչեւ 25%: Սակայն, հավանաբար, հաշվարկները ցույց էին տվել, որ ՄՊԴ-ում սոբյանինական մեծամասնության համար դա էլ քիչ կլինի», - գրում է Միտրոխինը: