Գենադի Օնիշչենկոն լքում է Ռոսպոտրեբնադզորի ղեկավարի իր պաշտոնը՝ լիազորություններն ավարտվելու կապակցությամբ:

Ռուսաստանի փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը հոկտեմբերի 22-ին հայտնել է, որ վարչության նոր ղեկավար կնշանակվի  Օնիշչենկոյի տեղակալ Աննա Պոպովան: Գոլոդեցն ընդգծել է, որ Պոպովան «բարձրակարգ բժիշկ եւ լավ մասնագետ»:

Ռոսպոտրեբնադզորի աղբյուրը «Ինտերֆաքսին» պատմել է, որ Գոլոդեցի հայտարարության պահին Օնիշչենկոն դեռ աշխատանքի է եղել: Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը  չի տեղեկացրել, թե ինչով է մտադիր Օնիշչենկոն զբաղվել հրաժարականից հետո:

Ավելի ուշ իր հրաժարականը մեկնաբանել է նաեւ Օնիշչենկոն: «Այդ հայտարարության հեղինակ հանդիսացող տարօրինակ անձը որոշում կայացնող մարդկանց թվին չի պատկանում», - հայտարարել է գլխավոր սանիտարական բժիշկը:

Գենադի Օնիշչենկոն Ռոսպոտրեբնադզորի ղեկավար էր նշանակվել 2004թ. մարտի 12-ին:

Նա հայտնի է մի շարք հետխորհրդային հանրապետություններից ապրանքներ ներկրելու արգելքներ կիրառելով, մասնավորապես՝ մոլդովական եւ վրացական գինիների, ուկրաինական պանրի եւ քաղցրավենիքի, ինչպես նաեւ լիտվական կաթի, հիշեցնում է ՆՏՎ-ն:

Օնիշչենկոն գլխավորում էր ոչ այնքան աչքի ընկնող գերատեսչություն, սակայն նա Ռուսաստանի պատմության մեջ կմտնի որպես «արտաքին գործերի սանիտարական նախարար», նշում է «Դելովայա գազետան»: