Վրաստանում այս ամիս կայանալիք նախագահական ընտրություններից հետո քաղաքականության  վերանայում է սպասվում նաեւ տարածաշրջանում, ոչ միայն քաղաքական լարվածության թուլացման, այլեւ որոշ տնտեսական եւ կոմունիկացիոն խնդիրների առումներով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության հարցերի կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի մասով, ազատ առեւտրի եւ տնտեսական համագործակցության մասին արդեն շատ է խոսվում: «Վերանայվում է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի վերաբերյալ մոտեցումը, Ռուսաստանի հետ փորձ է արվում հարաբերություններն այնպես դասավորել, որ կովկասյան երկաթուղին եւս բացվի, որը դժվար խնդիր է, քանի որ աբխազական կողմը պայման ունի: Այսինքն` խաղաղության պայմանագիր պետք է կնքվի»,- նշեց Հայկազուն Ալվրցյանը՝ հավելելով, որ ինտրիգն ավելի հետաքրքիր է դառնում այն տեսակետից, որ Իվանիշվիլին հայտարարել է, որ նախագահական  ընտրություններից հետո  մինչեւ նոր տարի հեռանալու է վարչապետի պաշտոնից:

«Այսինքն` ձեւավորվել է իշխանության հետաքրքիր ձեւ` իշխանությունից հեռանալով փորձելու է այս իշխանություններին կառավարել, այլ համակարգերից` հասարակական կազմակերպություններ ստեղծելով ինչպես ինքն է ասում կամ հասարակական դաշտը օգտագործելով: Հետաքրքիր է, որ ինչ-որ տեղ դառնալու է ոչ միայն իր ստեղծած կառավարության ուղղորդողը, այլեւ քննադատողը: Երկակիություն է ստեղծվում»,- ավելացրեց բանախոսը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am