«Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնից հեռանալն իմ անձնական որոշումն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության արդեն նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Հարցին, թե պատճառը, որից ելնելով հրաժարվել է խմբակցության ղեկավարի պաշտոնից, չի՞ խանգարի աշխատել որպես խմբակցության սովորական պատգամավոր, նա պատասխանեց. «Ես արդեն ասել եմ՝ առանց մեկնաբանությունների: Դա շատ անձնական պատճառ էր: Ես այնպիսիներից չեմ, ում կարելի է խանգարել կամ ստիպել ինչ-որ բան անել: Պարզապես ես այդպես ուզեցի»:

Հարցին, թե ինքը չէ՞ր կարող աշխատել որպես խմբակցության ղեկավար, Հակոբյանն արձագանքեց. «Դա պետք է մեկնաբանեք կամ հարցնեք խմբակցության անդամներից»:

Ռուբեն Հակոբյանը նշեց , որ ԱԺ մի քանի գումարման պատգամավոր է եղել եւ իր համար դժվար չէ խմբակցություն ղեկավարելը, առավել եւս, որ ժամանակին գլխավորել է 18-20 հոգանոց ՀՅԴ խմբակցությունը:

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է մի գեղեցիկ օր կարող է որոշել, որ չի ցանկանում լինել «Ժառանգություն» խմբակցության անդամ, նա մեջբերեց Չինգիզ Այթմատովին. «Օրը երկար է տարուց: Այդպես նույնպես հնարավոր է: Ես չեմ մտածում «Ժառանգությունից» դուրս գալու մասին: Ես քաղաքականության մեջ եմ 1990-ից եւ այդ ժամանակից ես ներկայացրել եմ իմ քաղաքական կոնցեպտը, ղեկավարվել եմ այդ սկզբունքներով: Տարաձայնություններ, որպես այդպիսիք, չկան, կան որոշակի դետալներ մարտավարական հարցերում, ինչը նորմալ է»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am