N զորամասի ժամկետային զինծառայող 20-ամյա Արտուշ Վ.-ն եւ Արկադիա Ն.-ն մեղադրվում են նրանում, որ լքել են զորամասը եւ գնացել մարմնավաճառ Նիկայի մոտ, սակայն իմանալով, որ նա տղա է, ծեծել եւ հեռացել են: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 20-ամյա Արտուշ Վ.-ն, հանդիսանալով ՀՀ  N զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, համածառայող 20-ամյա Արկադիա Ն.-ի հետ ինքնակամ թողել են զորամասն ու պատահական տաքսի մեքենայով մեկնել Երեւանի Աբովյան փողոցի բնակարաններից մեկում  բնակվող Նիկա մականունով մարմնավաճառի մոտ:

Նրանք վերջինիս բնակարանում տեղեկացել են, որ Նիկան տղամարդ է, որից հետո Արտուշը բռունցքով հարվածել է վերջինիս դեմքին` պատճառելով առողջությանը թեթեւ վնաս ու քաշել է մազերից, ինչից հետո Արակադիայի հետ միասին շտապ հեռացել են Նիկայի բնակարանից:

Արտուշ Վ.-ի դեմ քրեական գործ է հարուցվել 117 հոդվածի եւ 175  հոդվածի 1-ին մասով: Իսկ Արկադիա Ն.-ի դեմ քրեական գործ է հարուցվել 118 եւ 175 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Գործը դատարան է ուղարկվել հոկտեմբերի 21-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: