Գալիք տարվա հունվարի 1-ից Հայաստանում ներդրվելու է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգ։  Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Իսկ դա նշանակում է, որ բոլոր աշխատավարձ ստացող հայաստանցիները իրենց աշխատավարձից պետք է մասհանումներ կատարեն, որոնք կուտակվելու են հատուկ հիմնադրամներում։ Այդ գումարները քաղաքացիները պետք է ետ ստանան թոշակի անցնելուն պես։ Հայաստանում արդեն իսկ դժգոհության ալիք է հասունանում այս նոր համակարգի ներդրման հետ կապված։ Դժգոհություններն առայժմ պայմանավորված են բուն համակարգով՝ մարդկանց առձեռն ստացվող աշխատավարձը նվազելու է, վստահություն չկա, թե ինչպես են օգտագործվելու հիմնադրամներում կուտակված գումարները, արդյոք այդ հիմնադրամները չե՞ն հավաքի գումարներն ու «թռնեն», արդյոք թոշակի գնալիս իրենց գումարները չեն արժեզրկվի եւ այլն։

Բայց այս տարվա սեպտեմբերի 3-ից ծագել է մի խնդիր, որը չի քննարկվում։ Կենսաթոշակային նոր համակարգը, որը մշակվել է տարիներ շարունակ, նախատեսված է այն Հայաստանի համար, որը ունի սեփական արժույթ եւ ինքն է իրականացնում իր դրամավարկային քաղաքականությունը։ Սակայն սեպտեմբերի 3-ին պարզվեց, որ Հայաստանը գնում է Մաքսային միություն։ Իսկ Մաքսային միությունը Եվրասիական միության առաջին փուլն է, որը ենթադրում է միասնական արժույթ։ Այսինքն Հայաստանը կդառնա Եվրասիական միության անդամ, կմտնի պայմանականորեն ասած՝ ռուբլու գոտի ու կկորցնի սեփական դրամավարկային քաղաքականություն վարելու իրավունքը՝ հրաժարվելով սեփական դրամից։ Ինչպե՞ս է այս պայմաններում գործելու կենսաթոշակային նոր համակարգը։ Երեկ մեր թղթակիցը փորձել է այս հարցի պատասխանը ստանալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից, բայց ապարդյուն...»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):