Ռուսաստանի «արտաքին գործերի սանիտարական նախարար» Գենադի Օնիշչենկոն այնուամենայնիվ պաշտոնաթող կլինի: Ինչպես այսօր գրում է ռուսական մամուլը, գերատեսչությունում կադրային վերադասավորության մասին սկզբունքային որոշումն արդեն ընդունվել է:
Օնիշչենկոյի պաշտոնաթողության մասին որոշումը կձեւակերպվի մի քանի օրվա ընթացքում, այսինքն՝ Մեդվեդեւի՝ Չինաստանից վերադառնալուց հետո, հաղորդում է «Վեդոմոստի» պարբերականը: Պարբերականի հաղորդմամբ՝ այդ որոշման պատճառը Օնիշչենկոյի՝ կառավարման հետ կապված խնդիրներն են: Մեկ այլ վարկածի համաձայն էլ, Օնիշչենկոն վաղեմի կոնֆլիկտ ունի փոխվարչապետ Օլգա Գոլոդեցի հետ: Հաղորդվում է նաեւ, որ նա բարդ փոխհարաբերությունների մեջ է նաեւ կառավարության այլ անդամների հետ, այդ թվում՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի:
«Կոմերսանտը» նշում է, որ հանկարծակի պաշտոնաթողության ամենահավանական պատճառներից է Ռոսպոտրեբնադզորի եւ Ռոսսելխոզնադզորի միջեւ հակամարտությունը:




























