«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը բողոքներ ունի սրտի շրջանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը:

Նա նշեց, որ դատապարտյալը դիմել է բժշկին, անհրաժեշտություն է առաջացել նեղ մասնագիտական հետազոտություն անցկացնել: Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, դատապարտյալը տեղափոխվել է Նորք-Մարաշ բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու, այնուհետեւ հետ է բերվել ՔԿՀ: Այժմ սպասում են հետազոտման արդյունքներին:

Ինչ վերաբերում է նրան անհրաժեշտ վիրահատության համար ֆինանսական ծախսերը հոգալուն, Գոռ Ղլեչյանն ասաց, որ դա կկարգավորվի օրենքով սահմանված կարգով:

Նշենք, որ 168.am-ի տեղեկություններով՝ կտրուկ վատացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանի առողջական վիճակը. պետք է փոխվի նրա սրտի փականը, որը կարող է իրականացվել լուրջ վիրահատական միջամտության արդյունքում: Ըստ Էդիկ Գրիգորյանի ազգականների՝ վիրահատության համար անհրաժեշտ է 4 միլիոն դրամ, սակայն եւ Կալանավայրերի վարչությունը, եւ Առողջապահության նախարարությունը հրաժարվում են նման գումար տրամադրել դատապարտյալի վիրահատության համար: Վիրահատությունը կարող է անցկացվել միայն դատապարտյալի հարազատների ֆինանսավորմամբ, սակայն, մեր տեղեկություններով՝ նրանք եւս չեն տիրապետում նման ֆինանսական հնարավորությունների: Նշենք, որ Էդիկ Գրիգորյանը «Հոկտեմբերի 27»-ի գործով միակ դատապարտյալն է, ով հոգեկան շեղումներ չունի եւ իրեն պահում է ադեկվատ: