Շվեդիայի արդյունաբերական պատմության կենտրոնը դադարեցրել է համագործակցությունը Նոբելի եղբայրների ժառանգության Բաքվի հիմնադրամի հետ: Շվեդները ապշել են Ստոկհոլմում ադրբեջանական կողմի կազմակերպած գիտաժողովների վրա ծախսխված միջոցների չափից: Այդ մասին հայտնում է շվեդական պետական Radio Sweden ռադիոընկերությունը, հաղորդում է haqqin.az-ը:
Բացի այդ, շվեդական կողմը Բաքվի հիմնադրամին մեղադրում է շահախնդրորեն Նոբել ազգանունը չարաշահելու մեջ: Տեղեկության համաձայն՝ խոսքը Ստոկհոլմում Նոբելների ժաանգությանը նվիրված Երկրորդ գիտա-նորարարական կոնֆերանսի մասին է, որը կազմակերպվել էր Բաքվի հիմնադրամի կողմից SOCAR-ի միջնորդությամբ: ԱՅն տեղի էր ունեցել այս տարի սեպտեմբերի 13-14-ը: Կոնֆերանսի շվեդ մասնագետներին ապշեցրել էր ծախսված գումարների չափը: Երկօրյա միջոցառման համար ադրբեջանական կողմը վարձակալել էր Ստոկհոլմի ամենաթանկ «Բերնս» ռեստորանը, իսկ մասնակիցների համար ճաշկերույթն անցկացվել էր ամենաթանկ Grand Hotel հյուրանոցի ռեստորանում:
Տնտեսող շվեդները սովոր չեն նման ծախսերի: Բացի այդ նրանց զարմացրել էր նաեւ այն, որ մասնակիցներին ուղղակի ծրարով գումար էին բաժանում: Ի զարմանս շվեդներին,նախապես գիտա-նորարարական հայտարարված կոնֆերանսը վերածվել էր քաղաքականի: Բոլոր մասնակիցները, այդ թվում նաեւ Նոբելների ժառանգության Բաքվի հիմնադրամի նախագահ Թորղուլ Բագիրովն ու Ֆինլյանդիայի նախկին նախագահ Տարի Հալոնենը, խոսում էին միայն քաղաքականությունից: Radio Sweden-ն նշում է, որ այժմ Թորղուլ Բագիրովն աշխատում է «նավթային պատերազմներ» ֆիլմի նախագծի շուրջ, որը պատմում է Ռոքֆելերների, Ռոտշիլդները, Նոբելների եւ այլոց մասին: 100 մլն դոլար բյուջե ունցող ֆիլմը կնկարահանեն Հոլիվուդում:
Շվեդիայի արդյունաբերական պատմության կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Հյուսեբյուի խոսքով՝ սա Նոբելների ժառանգությանը նվիրված երկրորդ գիտաժողովն է: «Առաջին գիտաժողովը անցկացվել է Բաքվում: Այն ժամանակ արդեն պարզ էր, որ կազմակերպիչները Նոբել ազգանունն օգտագործում են իրենց շահերի համար: Նրանք գիտաժողովը, եւ հատկապես Նոբել ազգանունը օգտագործեցին իրենց մասին հայտարարելու համար: Այդ պատճառով էլ երկրորդ գիտաժողովը Ստոկհոլմում անցկացվեց մեկ տարի անց, թեեւ պետք է անցներ նվազագույնը երկու տարի»,-ասել է նա:
Նա նաեւ նշել է, որ Շվեդիայի արդյունաբերական պատմության կենտրոնը դադարեցրել է համագործակցությունը Նոբելի եղբայրների ժառանգության Բաքվի հիմնադրամի հետ այն բանից հետո, երբ հիմնադրամն իր գովազդի համար հսկայական միջոցներ ու Նոբել ազգանունն է օգտագործել:





























