26-ամյա Դավիթ Այվազյանը դեռ 5 տարի առաջ աղջիկ էր փախցրել եւ քրեական պատասխանատվությունից ազատվելու համար փախել էր ՌԴ, սակայն ամիսներ առաջ բերման է ենթարկվել եւ դատապարտվել: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:
26-ամյա Դավիթ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով Սարգիս Քոքոբելյանի եւ Վահան Ռեւազյանի հետ`ամուսնության նպատակով Սոնա Բ.-ին առեւանգելու շուրջ, 2008թ.-ի դեկտեմբերի 25-ին ժամը 08:45-ի սահմաններում, իր կողմից վարած Վազ 2106 մակնիշի ավտոմեքենայով Իջեւան քաղաքի Անկախության փողոցի թիվ 2-րդ դպրոցի մոտից բռնություն գործադրելով բացահայտ առեւանգել է Սոնա Բ.-ին եւ նրա տարել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի բնակիչ` Սեդա Ո.-ի տուն:
Սակայն գործը կասեցվել է եւ վերսկսել է 2013թ. մարտի 30-ին, քանի որ վերացել են դրա կասեցման հիմքերը, այն է` մեղադրյալ Դավիթ Այվազյանը հայտնաբերվել է ՌԴ Ձերժինսկ քաղաքում եւ տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժին, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Դատարանում տուժող Սոնա Բ.-ն մեղադրյալ Դավիթ Այվազյանի հետ առերես հարցաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ 2008թ. դեկտեմբերի 28-ին Իջեւան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի մոտակայքից իր կամքին հակառակ Վահան Ռեւազյանը եւ Սարգիս Քոքոբելյանը իր հետ առերես հարցաքննվող անձի` Դավիթ Այվազյանի կողմից վարած ավտոմեքենայով առեւանգել եւ տարել են Նոյեմբերյանի Բաղանիս գյուղ` Վահանի մոր մորաքրոջ` Սեդայի տուն: Այնտեղից նույնը օրը նորից Դավիթ Այվազյանի կողմից վարած ավտոմեքենայով իրեն տեղափոխել են Նոյեմբերյանի Ոսկեվան գյուղ` Սիրան Ա.-ի տուն: Իրեն առեւանգելու ժամանակ Դավիթ Այվազյանը բարձրացրել է մագնիտոֆոնի երաժշտության ձայնը, որպեսզի իր օգնության կանչերը չլսվեն: Բացի այդ` դիտողություն է արել` ասելով. «Ձայնդ կտրի°ր»: Նա իրեն չի քաշքշել, բռնություն չի գործադրել եւ մյուս գործողություններին ներկա չի գտնվել: Նշել է, որ իր հետ առերեսվող Դավիթ Այվազյանի դեմ բողոք չունի, նրա քրեական պատասխանատվության հարցը թողնում է օրենքի հայեցողությանը:
Դատարանը քննելով գործը վճռել է ամբաստանյալ Դավիթ Այվազյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ այդ հոդվածի սանկցիայով նրան դատապարտել ազատազրկման` 4 տարի ժամկետով: Միաժամանակ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով: Հոկտեմբերի 17-ին գործը ուղարկվել է դատարանի արխիվ:





























