Թուրքական ազգային «Թուրքական ավիաուղիներ» ընկերության ու Մարսելի ֆուտբոլային «Օլիմպիկ» ակումբի միջեւ համաձայնագիրը հարուցել է Մարսելի հայ եւ հույն բնակչության, ինչպես նաեւ ակումբի մարսելցի երկրպագուների զայրույթը: Այդ մասին գրում է  «Nouvelles d'Arménie»-ն:

«Մի կողմից, Մարսելի «Օլիմպիկը» նշանավոր ակումբ է, որը սպորտային բարոյականության սկզբունքների կրողն է: Մարսելը Եվրոպայի մշակութային կենտրոնն է, հայկական սփյուռքի եվրոպական մայրաքաղաքը, որը չի անտեսում այն, թե ինչպես են թուրքերը XX դարում իրագործել հայոց ցեղասպանությունը:

Մյուս կողմից, «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը ներկայացնում է  թուրքական պետությունը՝ հայոց ցեղասպանությունն իրագործած հանցագործների ժառանգորդն ու հանցակիցը: Այդ կերպ, Թուրքիան օգտվում է ակումբի հեղինակությունից, որպեսզի իր համար մաքուր խիղճ գնի ու մարսելցիների սրտում ստեղծի բարեգործի հեղինակություն, ինչն անհրաժեշտ է ռեվիզիոնիստական քարոզչության համար:

Մենք, երկրպագուներս, չենք կարող ուրախանալ՝ հետեւելով սիրելի ակումբի խաղին ու միաժամանակ խաղացողների մարզաշապիկներին տեսնել հիշեցում մեր նախնիների կրած վայրագությունների մասին: Սա թուրքական պետության նոր սադրանքն է: Այս հովանավորությունն անըդունելի է: Մենք բոլոր սիրում ենք «Օլիմպիկն», ուստի սա համարում ենք դավաճանություն»,- ասվում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հայտարարության մեջ: