Ճապոնիայում ռեստորանների եւ հյուրանոցների խոշորագույն Hankyu Hanshin Hotels Company Ltd ցանցը հաճախորդներին որպես փոխհատուցում կվերադարձնի 110 միլիոն իեն (1 միլիոն դոլար), քանի որ մի քանի տարվա ընթացքում ճաշացանկում սխալ էր նշել բաղադրամասերի անվանումները: Այս մասին հոկտեմբերի 23-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ընկերության ղեկավարությունը:
23 ռեստորանների եւ հյուրանոցների ճաշացանկում յոթ տարի կեղծված են եղել 47 ճաշատեսակների բաղադրամասերի անվանումները: Օրինակ նշվել էր, որ ձկնային ճաշատեսակները պատրաստված են թարմ ձկից, իսկ իրականում օգտագործվել էր սառեցվածը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ճաշացանկում մի շարք դեպքերում էլ նշված է եղել, որ ճաշատեսակն ամբողջովին պատրաստված է ռեստորանում, իսկ իրականում կիսաֆաբրիկատներ են օգտագործվել: «Ֆրեշ» հյութերը պատրաստված են եղել խառնուրդից:
Ընկերությունը պատրաստ է 79 հազար հաճախորդի փոխհատուցում վճարել: Բացի դրանից՝ կկրճատվի ընկերության ղեկավարության ութ անդամների աշխատավարձը:
Hankyu Hanshin Hotels Company Ltd-ի կեղծիքների հարցը դարձել է Սպառողների գործակալության քննության առարկա:





























