Եվրոպական պաշտոնյաների փորձերը Երեւանի եւ Բաքվի միջեւ հավասարության նշան դնելու ուղղությամբ խորացնում են Ադրբեջանի անպատժելիության զգացողությունը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը:
Հոկտեմբերի 17-ին ԼՂՀ-ի ԶՈՒ-ի եւ Ադրբեջանի շփման գծում ԵԱՀԿ-ի կողմի իրականացվող դիտարկումն ընդհատվել էր ադրբեջանական կողմից կրակոցի պատճառով: ԼՂՀ-ի ԱԳՆ-ն համապատասխան հայտարարությամբ էր հանդես եկել: ԱՀ-ի ԱԳՆ-ն պատասխան մեղադրանք էր ներկայացրել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ ՄԽ-ի նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը համապատասխան հայտարարություն էին տարածել, որում համապատասխան մարմիններին կոչ էին արել մանրամասն եւ անկողմնակալ հետաքննել տվյալ միջադեպը: Ընդ որում, նշվել էր, որ դիտարկող խմբին չի հաջողվել պարզել՝ որտեղից են արձակվել կրակոցները:
«Կողմերին՝ մեղավորին եւ անմեղին հավասարեցնելու նման փորձերը խորացնում են Ադրբեջանի անպատժելիության զգացումը: Կարելի է մտածել, որ եթե եվրոպացի պաշտոնյաները սահման ուղարկեին սեփական որդիներին կամ էլ հակառակորդն իրենց գյուղերի վրա կրակեր, արձագանքն այլ կլիներ», - նշել է փորձագետը:
Խոսելով Անջեյ Կասպրշիկի խմբի հասցեին ԱՀ-ի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովի կողմից հնչած քննադատության մասին՝ Արկադի Գրիգորյանը նշել է, որ հարցը նոր չէ, եւ կողմերի վերաբերմունքը հայտնի է: Փորձագետը հիշեցրել է, որ միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ ստեղծելու առաջարկ արվել էր մի քանի տարի առաջ: «Հայաստանը համաձայնել էր այդ առաջարկին, ինչպես նաեւ դիպուկահարներին հեռացնելու գաղափարին: Ադրբեջանը հերքում է եւ մեկը, եւ մյուսը: Նպատակն ակնհայտ է՝ սահմանին սադրանք իրագործելու մշտական հնարավորություն ունենալը, իսկ հետո հայկական եւ ղարաբաղյան կողմին ստորաբար մեղադրելը», - նշել է Արկադի Գրիգորյանը:





























