Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճի նախասրահում, հոկտեմբերի 25-28-ին, կայանալու է յուրահատուկ արվեստի ցուցահանդես. նկարիչ-դիզայներ Նիկոլայ Միրումյանը նկարում է՝ օգտագործելով բացառապես սուրճի նստվածքը: «Ամեն ինչ սկսվեց 2008 թվականից, երբ ես Հայաստան այցելեցի: Այդ ժամանակ ես, «ստիպված», սովորեցի բնական սուրճ ըմպել: Առաջին նկարները պատահական կետեր էին, որոնցում ես փորձել էի պատկերել ուրվագծեր եւ պատկերներ: Ես պարզապես նստվածքը լցրել էի թղթի վրա եւ նայում էի: Սովորաբար ես այդպես էի անում, երբ բաժակում սուրճի նստվածք էր մնում: Հետո սկսեցի այդ կետերին որոշակի ձեւեր հաղորդել»,-պատմել է նկարիչը:
Վերջին տարիներին կատարելագործելով իր հմտությունները՝ Նիկոլայը հիմնականում նկարում է մարդկանց եւ նրանց զգացմունքները: Նկարների շարքում կան նաեւ յուրահատուկ աբստակցիաներ, իրեր եւ կենդանիներ:
Նրա աշխատանքների ֆոտոշարքը կարելի է դիտել ԱՅՍՏԵՂ:
ՌԴ Կրասնոդար քաղաքում բնակվող տաղանդավոր նկարիչի արվեստը բարձր է գնահատվել «Ռոյալ Արմենիա» ընկերության կողմից: Որոշում է կայացվել աջակցել նրան եւ առաջին անգամ Հայաստանում կազմակերպել Նիկոլայ Միրումյանի անհատական ցուցահանդեսը: Չորս օր շարունակ բոլոր ցանկացողները կարող են ազատ այցելել Մոսկվա կինոթատրոնի նախասրահ եւ տեսնել նրա աշխատանքների բնօրինակները: Իսկ ժամը 19:00-23:00 այցելուները կարող են նաեւ անվճար համտեսել «Ռոյալ Արմենիա» սուրճի ողջ տեսականին:
Ցուցահանդեսի բացումը տեղի է ունենալու հոկտեմբերի 25-ին ժամը 19:00-ին:































