Թունիսի վարչապետ Ալի Լարայեդը հայտարարել է, որ իր գլխավորած կառավարությունը պատրաստ է հրաժարական տալ, սակայն ժամանակավոր կառավարության ձեւավորման վերաբերյալ բանակցությունների ավարտից հետո:
Լարայեդը հիշեցրել է, որ պայմանավորվածություն կա ընդդիմության եւ կառավարական իսլամիստների միջեւ, ըստ որի` կողմերը պարտավորվում են ավարտել նոր սահմանդրության նախապատրաստման գործընթացը եւ համընդհանուր ընտրությունների ամսաթիվ նշանակել: Լարայեդն ընդգծել է, որ այդ համաձայնության պայմանները կատարելուց անմիջապես հետո իր գլխավորած կառավարությունը հրաժարական կտա, հայտնում է «lenta.ru»-ն` վկայակոչելով Reuters-ը:
Հոկտեմբերի 23-ին Թունիսի ժողովուրդը դուրս էր եկել մայրաքաղաքի, ինչպես նաեւ երկրի կենտրոնական հատվածում գտնվող Սիդի Բուզիդ քաղաքի փողոցներ` կառավարության դեմ կոչեր բղավելով եւ պահանջելով իշխող «Ան Նահդա» իսլամական կուսակցության հրաժարականը: Ոստիկանների եւ ցուցարարների բախումների հետեւանքով զոհվել էր ինը մարդ, հայտնում է Al-Arabiya-ն:
Բախումների պատճառ էր դարձել Թունիսի Ազգային գվարդիայի աշխատակիցների այն տան վրա հարձակվելու փորձը, որտեղ թաքնվում էին զինված ծայրահեղականները: Հակամարտության հետեւանքով զոհվել էր յոթ ոստիկան եւ երկու գրոհային, հայտնում է NEWSru.com-ը:





























