Ամերիկյան Քալիֆորնիայի նահանգի Չինո քաղաքի դպրոցներից մեկում տեխնիկայի անվտանգությանը նվիրված դասի ժամանակ ոստիկանին պատկանող զենքը պատահաբար կրակել է, որի հետեւանքով վիրավորվել է 3 երեխա, հաղորդում է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Նրանց տվյալներով՝ չորեքշաբթի առավոտյան մի քանի ոստիկաններ «Նյուման Էլեմենթարի» դպրոցի բակում սովորեցնելիս են եղել տեխնիկայի անվտանգության կանոնները՝ երեխաների եւ դեռահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման կանխարգելման դեմ կազմակերպված ազգային նախաձեռնության շրջանակներում: Դասի ժամանակ ոստիկանական մոտոցիկլի նստատեղի մոտ կախված զենքը հանկարծակի կրակել է: Զենքի տեսակը չի նշվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը՝ երկու դպրոցականների տեղափոխել են Չինոյի հիվանդանոց, եւս մեկ աշակերտի օգնություն է ցուցաբերվել տեղում: Տուժածների ծնողների խոսքով՝ երեխաներից ոչ մեկը հրազենային վնասվածք չի ստացել, նրանք վիրավորվել են թռչող բեկորներից:

Պաշտոնական տվյալներով՝ կրակոցը պատահական է տեղի ունեցել: Մի շարք լրատվամիջոցներ ենթադրում են, որ զենքի ձգանը քաշել է դպրոցականներից մեկը: Ծնողները արդեն Չինոյի ոստիկանությունց պարզաբանումներ են պահանջել, թե ինչու են լիցքավորված զենքը դպրոցի տարածքում թողել առանց հսկողության: