Մոլդովացի նախկին պարուհի Դոմինիկա Չեմորտանը, որի վկայությունները կարող են առանցքային լինել Costa Concordia զբոսանավի աղետի ենթարկվելու պատճառներն ու հանգամանքները պարզելու գործում, հոկտեմբերի 29-ին դատական լսումների ժամանակ հաստատել է, որ աղետի ժամանակ ինքը գտնվել է հրամանատարական կամրջակի վրա:

Նշենք, որ այս գործով լսումները վերսկսվել են հոկտեմբերի 28-ին, Գրոսետո քաղաքում: Առաջին վկան եղել է սպա Սալվատորե Ուրսինոն, որը հայտարարել է, որ նավի կապիտան Ֆրանչեսկո Սկետինոն աղետից առաջ հրամայել է ավելացնել արագությունը:

Չեմորտանի խոսքով՝ ինքը նավի վրա եղել է որպես ուղեւոր: Սկետինոյի հետ ընթրիքից հետո իրեն եւ մյուս սեղանակիցներին հրավիրել են հրամանատարական կամրջակ՝ դիտելու Ջիլիո կղզին: Այստեղ աղջիկը լսել է, որ ինչ-որ մեկը վիճում է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես լսեցի, որ սպաներից մեկը սխալ է կատարել կապիտանի հրամանը եւ վերջինս բարկացած կրկնել է հրամանը... Հետո մենք լսեցինք ահազանգի ազդանշանը... սկզբում ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում, հետո քաոս սկսվեց: Ինչ-որ պահի նավի վրա անջատվեց էլեկտրականությունը»,-պատմել է Չեմորտանը:
Չեմորտանը նաեւ պատմել է, որ սիրային կապ է ունեցել կապիտանի հետ, որն ունի կին եւ փոքրիկ դուստր: Նախկինում աղջիկը հերքել էր Սկետինոյի հետ իր կապը:

Costa Concordia զբոսանավը խութերին էր բախվել հունվարի 14-ին՝ Իտալիայի Տոսկանա մարզի Ջիլիո կղզու ափերում, Տիրենեյան ծովում:  Նավում եղել էին 4,2 հազար ուղեւոր եւ անձնակազմի անդամները: Նավաբեկության զոհ էր դարձել  32 մարդ: Սեպտեմբերի 17-ին լիովին ավարտվել էր նավը ջրից դուրս բերելու եւ այն ուղղահայաց դիրքով կանգնեցնելու գործողությունը:  Դրանից հետո վերսկսվել էր անհետ կորածների  մարմինները որոնելու գործողությունը: