Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգային հարցեր:
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ եվրոպական համայնքի գործընկերների հետ ակտիվ երկխոսությունն ու շփումները դրական լիցքեր են հաղորդում Հայաստանին՝ եվրամերձեցման ճանապարհին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը վճռական է շարունակելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների առանցքը կազմող ինստիտուցիոնալ բարեփոխումները եւ հանձնառու է կառուցել եվրոպական արժեքների վրա հիմնված ժամանակակից մրցունակ պետություն ու այդ ճանապարհին ակնկալում է գործընկերների աջակցությունը:
Միլան Ցաբրնոխը նշել է, որ Եվրամիությունը Հայաստանը համարում է Արեւելյան գործընկերության շրջանակներում կարեւոր երկիր եւ շարունակելու է աջակցությունն ու համագործակցությունը մարդու իրավունքների եւ ժողովրդավարական գործընթացների զարգացման, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ: Հայաստանի հետ երկխոսությունը զարգացնելու գործում նա կարեւորել է ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հետագա ակտիվ աշխատանքը:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին:





























