Հայաստանում 2014թ. սոցիալական ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ –ի 6,7%-ից կհասնի 7,7-ի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, Ազգային ժողովում 2014թ. պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտարարել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնել է, որ սոցիալական ծախսերը կկազմեն բյոււջետայինի 29,1% -ը:
Մասնավորապես, զգալի աճ է նախատեսված աշխատանքային թոշակների գծով: 2014թ. դրանց վճարման համար կհատկացվի 195 միլիարդ 669 միլիոն դրամ կամ 16,8%-ով ավելի, քան 2013թ.: Բացի դրանից, 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող մասնավոր կենսաթոշակային կուտակային համակարգի լրացուցիչ ծախսերը կկազմեն 20 միլիարդ 683 միլիոն դրամ:
Սպաների եւ նրանց ընտանիքների թոշակների համար կհատկացվի 23 միլիարդ 816 միլիոն դրամ կամ 25,4% -ով ավելի, քան 2013թ.:
Սոցիալական թոշակների ծախսերը կաճեն 10,9% -ով եւ կկազմեն 10 միլիարդ 938 միլիոն դրամ: Անապահով ընտանիքների սոցիալական նպաստների համար կհատկացվի 37 միլիարդ 106 միլիոն դրամ՝ այնքան, որքան 2013թ. բյուջեով էր:





























