Այսօրվա իրականությունը կարող է հաղթահարվել միայն ապստամբ գիտակցությամբ. Ապստամբ գիտակցությունն է, որ մերժում է անմիտ լռությունը: Այս մասին «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում իր ելույթում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նա մասնավորապես ասել է.
«Երբ մեր պատմական հայրենիքում, մեր պետության մեջ մեզ վերաբերվում են որպես օտարի, եւ մենք անմիտ լռում ենք եւ երբեմն փորձ ենք կատարում արդարացնել օտարամոլությունը, ուրվագծվում է հայկական պետականության կորստի տեսլականը:
Մեր ժողովուրդը կրկին ապրում է մի շրջան, երբ նրան զանգվածաբար տեղահանում են իր պատմական հայրենիքից, իսկ մնացողներին ամեն կերպ նվաստացնելով` փորձում ոչնչացնել նրանց ոգին: Այս հանցագործությունները կատարվում են առանց քողարկման, մեր բոլորիս ներկայությամբ:
Սերժ Սարգսյանը եւ նրա խմբավորման անդամները, ցանկանալով երկարացնել բռնազավթման ժամկետը, Մաքսային միության անդամակցության հայտարարությամբ փորձ են կատարում վաճառքի առարկա դարձնել երկու հայկական պետությունների ինքնիշխանությունը:
Իհարկե, ոչ Սերժ Սարգսյանին, ոչ էլ այլ բռնազավթչի չի հաջողվելու մեզանից օտարել մեր անգին Անկախությունը: Մեր երկրի հազարամյակների պատմության մեջ վերջին 20 տարվա ընթացքում վերականգնած երկու պետությունների ինքնիշխանությունը մենք թույլ չենք տալու որեւէ ապօրինի իշխանությանը հանձնել որեւէ այլ պետությանը կամ վերպետական միավորմանը:
Այսօրվա իրականությունը կարող է հաղթահարվել միայն ապստամբ գիտակցությամբ: Ապստամբ գիտակցությունն է, որ մերժում է անմիտ լռությունը:
Բոլորս ականատեսն ենք եւ հասկանում ենք այս անհեթեթությունը, անիմաստությունը եւ անարդարությունը, բայց մեր մեջ չենք գեներացնում խռովությունը:
Մեր ուղեղներին անհապաղ անհրաժեշտ է խռովություն: Խռովությունն է, որ մարտահրավեր է նետում անհեթեթությանը, անիմաստությանն ու անարդարությանը:
Խռովությունն է, որ կարող է միաժամանակ ցանկանալ եւ պահանջել` դադարեցնելու խայտառակ վիճակը:
Մեր խռովության նպատակն է ամրագրել Հայ ազգի շահերին համահունչ փոփոխությունը:
Ուրեմն, հանուն տապալված սահմանադրական կարգի վերականգնման ընդդեմ բռնազավթիչների՝ խռովության հրահրում համատարած եւ ամենուր»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























