Ըստ Իրաքի կառավարության պաշտոնական տվյալների՝ երկրում միայն հոկտեմբերին 1000 մարդ դարձել է բռնության զոհ: Դա ամենաբարձր ցուցանիշն է 2008թ. ապրիլից ի վեր: 

Նոյեմբերի 1-ին կառավարությունը  վիճակագրություն է հրապարակել՝ անցյալ ամսվա ընթացքում երկրում բազմաթիվ բռնության գործողությունների հետեւանքով զոհերի եւ տուժածների թվի վերաբերյալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով  Associated Press-ը:

Ըստ այդ տվյալների՝ հոկտեմբերին զոհվել է 855 խաղաղ բնակիչ, 65 ոստիկան եւ 44 զինծառայող: Վերջին անգամ բռնության նման մակարդակ նկատվել էր  2008թ. ապրիլին, երբ մեկ ամսվա ընթացքում զոհվել էին հազարավոր մարդիկ: 

Ըստ կառավարության՝ հոկտեմբերին վիրավորվել է 1600-ից ավելի մարդ: Իրենց հերթին երկրի անվտանգության ուժերը ձերբակալել են 150 գրոհայինի: Եվս 33 ահաբեկիչներ այդ ամսվա ընթացքում զոհվել են, սակայն հաղորդագրության մեջ չի նշվում՝  նրանք ուժայինների հատուկ գործողությունների զոհ են դարձել, թե՞ զոհվել են իրենց իսկ կողմից իրականացրած ահաբեկչություններից: 

Իրաքում վերջին ժամանակներում լարվածության աճը  պայմանավորված է խոշոր իսլամական համայնքների՝ սուննիների եւ շիաների հակամարտությամբ: